ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Սահմանադրական և միջազգային հարթակներում հաղթանակի ու հաջողության աշուն»

«Սահմանադրական և միջազգային հարթակներում հաղթանակի ու հաջողության աշուն»
06.10.2015 | 00:45

«Իրատեսի» հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ:

-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի նյույորքյան և վաշինգտոնյան շաբաթը:
-Հայաստանի բոլոր շաբաթները հայաստանյան են, և այն, ինչ կատարվեց ԱՄՆ-ում, ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջանակում և դրանից դուրս, գնահատում եմ որպես մեր պետության արտաքին քաղաքականության հերթական հաջողություններից մեկը: Մեր երկրի նախագահը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի ամբիոնից, հստակ, պարզ և ազատ շարադրեց այն օրակարգը, որով պարտավոր են շարժվել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցները, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և Հայաստան-Ադրբեջան սահմանային պատերազմի արագ կանխարգելման ճանապարհին։ Ակնհայտ է, որ նախագահի խոսքն ընդունելի և ընկալելի էր բոլորին, ապացույցներից մեկը նաև Օբամա-Սարգսյան հանդիպումն էր։ Սա ևս Ալիևի հերթական խայտառակ ֆիասկոն էր արտաքին աշխարհում։
-ԱՄՆ-ի կոնգրեսականները դիմել են ԱՄՆ-ից համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքին կոչով՝ վերջ տալ հավասարության նշան դնել հակամարտության կողմերի միջև: Ձեր գնահատականով՝ դա իրատեսակա՞ն է։
-Եթե նկատի ունեք կոնգրեսականների կոչը, իհարկե իրատեսական է, այդ կոչը արդեն հնչել է, և վստահ եմ, ԱՄՆ համանախագահողը չի կարող լինել այնքան ինքնագլուխ, որ իր երկրի Կոնգրեսի ազդեցիկ հորդորն անտեսի, կարծում եմ՝ առաջիկայում մենք բոլորս ականատես կլինենք համանախագահողների վարքականոնների կտրուկ փոփոխության:
-Երբ Նյու Յորք մեկնելուց առաջ ՀՀ նախագահն ասաց, որ Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է, դա կարո՞ղ է նշանակել բանակցությունների ավարտ։
-Դա պիտի դիտարկել որպես նախազգուշացում ամբողջ աշխարհին, մասնավորապես՝ միջնորդներին։
-Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Նյու Յորք չգնաց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
-Մարդ պիտի երես ունենա գնալու մի տեղ, որտեղ իրեն արդեն բոլորն են ճանաչում որպես ագրեսոր և հակադեմոկրատ, գնար՝ որ ի՞նչ աներ, որ լսե՞ր իր երկրի քաղբանտարկյալների, ԶԼՄ-ների ստրկական վիճակի, ագրեսորական պահվածքի, իր ռազմատենչության մասին իրական և խիստ գնահատականնե՞ր, հատկապես, ի սկզբանե պարզ էր, որ որքան էլ Էլմար Մամեդյարովը ջանք էր գործադրել, Օբաման հրաժարվել էր նրան հանդիպելուց։ Իզգոյի կարգավիճակում է այդ մարդը, ես չեմ զարմանա, որ օրերից մի օր նա որոշի ինքնասպան լինել, քանի որ հոր թողած քաղաքական ժառանգությունն էլ է քոռուփուչ արել իր պաշտոնավարման տարիներին։
-Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, եթե թուրքական կողմը վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները՝ Վաշինգտոնում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և հավելել է, որ մոտ ժամանակներում Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը քիչ հավանական է, քանի որ թուրքական կողմը նման ցանկություն չունի: Ձեր կարծիքով՝ նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայում կարո՞ղ է իրավիճակ փոխվել։
- Թուրքիայում ի վերջո իրավիճակը փոխվելու է, այս երկիրը խրված է խնդիրների մեջ, և հողը, որ իրենը չի եղել երբեք, ոտքի տակից գնում է, գիտեք, որ քրդական կուսակցությունը բավական կոնկրետ հայտարարություններ արեց վերջերս, կապրենք, կտեսնենք, բայց որ նոյեմբերի 1-ից հետո կունենանք այլ Թուրքիա, անկասկած է։
-Երեկ սկսված քառօրյայի օրակարգում սահմանադրական բարեփոխումների նախագծի ընդունման հարցը կա, Ձեր կարծիքով` քաղաքական ուժերի կոնսոլիդացիան կայացա՞վ: Կա՞ համաժողովրդական ընկալում Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության:
-Մենք զրուցում ենք շաբաթ օրը, իսկ սահմանադրական փոփոխությունների նախագիծը, կարծում եմ, խորհրդարանը կքվեարկի արդեն երկուշաբթի: Իմ կարծիքով՝ 131 պատգամավորներից դեմ կքվեարկի 8-10 պատգամավոր, կլինի նաև 1-2 ձեռնպահ, մյուսները կողմ են, շատերն արդեն հայտարարել են իրենց քաղաքական դիրքորոշման մասին, Դուք դատեք՝ կա՞ համաժողովրդական ընկալում, չէ՞ որ դահլիճում նստած յուրաքանչյուր ոք ժողովրդի ընտրյալ է կոչվում։
-Աշնան կեսին՝ կարո՞ղ եք քաղաքական աշնան բնորոշումը տալ:
-Սահմանադրական և միջազգային հարթակներում հաղթանակի ու հաջողության աշուն։

Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1123

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ